ArmTrends - Յութուբյան ամենադիտվող տեսանյութերը Հայաստանում
Տեսանյութեր Երաժշտություն Մեր մասին

Մեր մասին

Ողջո՜ւյն։
ԱրմԹրենդս հարթակը ստեղծվել է Հայաստանում յութուբյան թրենդային տեսանյութերին ծանոթանալու համար։
Յութուբյան թրենդների բաժնում Հայաստանը, ի տարբերություն տարածաշրջանի այլ երկրների, բացակայում է։ Չնայած դրան, Յութուբն իր Տվյալների API-ում ներառում է Հայաստանի վերաբերյալ տվյալներ, ինչն էլ առաջացրեց դրա հիման վրա այս հարթակի ստեղծման գաղափարը, և ի լրումն տվյալ պահի թրենդային տեսանյութերի ցուցադրմանը, ավելացնել մի քանի գործառույթ, որոնք բացակայում են Յութուբում, ինչպիսիք են․ ոչ միայն այս պահի, այլ ավելի երկար ժամանակահատվածի՝ շաբաթվա, ամսվա, տարվա կտրվածքով ամենապահանջված տեսանյութերի ցուցադրությունը, ինչպես նաև նախորդ, արխիվային ժամանակահատվածի վերաբերյալ տվյալների, և յուրաքանչյուր տեսանյութի համար թրենդային բաժնում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի վերաբերյալ վիճակագրական գրաֆիկի կազմումը։

Ինչպե՞ս է կազմվում թրենդային ցուցակը

Յութուբը հնարավորություն է տալիս ստանալ տվյալ պահի ամենապահանջված տեսանյութերի ցանկն ըստ տարածաշրջանի։ Սակայն ավելի երկար ժամանակահատվածի համար տվյալներ չի տրամադրում։

ԱրմԹրենդս հարթակն ամեն ժամը մեկ ստանում է տվյալ պահի ամենապահանջված տեսանյութերի ցանկը, ինչի հիման վրա օրվա վերջում կազմվում է այդ օրվա հիթ-շքերթը՝ ամեն տեսանյութի հատկացնելով համապատասխան միավոր ըստ զբաղեցրած դիրքի` սկսելով հարյուր միավորից առաջին հորիզոնականի համար և աստիճանաբար, ըստ մեր մշակած բանաձևի, նվազեցնելով ամեն հաջորդ հորիզոնականի միավորը։ Արդյունքում, ըստ ստացված միավորների, կազմվում են օրվա, շաբաթվա, ամսվա և տարվա հիթ-շքերթները։

Ի՞նչ տեղեկություն է հասանելի

Յուրաքանչյուր տեսանյութի համար հասանելի են

  1. Զբաղեցրած հորիզոնականի.
  2. Ընտրված ժամանակահատվածում հավաքած միավորների.
  3. Ընտրված ժամանակահատվածի ընթացքում վիճակագրության.

մասին տեղեկությունը, իսկ եթե մուտք եք գործել համակարգ, նաև

  1. Նախընտրելիների ցուցակում ավելացնելու կոճակը.

Ի՞նչ տեղեկություն է պարունակում վիճակագրական գրաֆիկը

Սեղմելով վիճակագրության կոճակի վրա կարող եք տեսնել․

  1. դիտարկման ամբողջ ժամանակահատվածի մասին տեղեկություն, եթե գտնվում եք տվյալ պահի, կամ որոշակի օրվա հիթ-շքերթի էջում
  2. տվյալ ժամանակահատվածի մասին տեղեկություն, եթե գտնվում եք շաբաթվա, ամսվա, կամ տարվա հիթ-շքերթի էջում

Վիճակագրական գրաֆիկը ներկայացնում է տվյալ ժամանակահատվածի ընթացքում տեսանյութի զբաղեցրած դիրքը, և ստացած միավորների քանակը ըստ օրերի։

Ինչպե՞ս ընտրել ժամանակահատվածը

Մենյուից որևէ ժամանակահատվածի հղման վրա սեղմելով կտեսնեք վերջին այդպիսի ժամանակահատվածի (վերջին օրվա, վերջին շաբաթվա, վերջին ամսվա, վերջին տարվա) հիթ-շքերթը, իսկ սեղմելով օրացույցի կոճակի վրա, կարող եք ընտրել հետաքրքրող ժամանակահատվածը համապատասխան օրացույցից։

Ինչո՞ւ է ամենօրյա հիթ-շքերթը պարունակում այդքան քիչ տեսանյութեր

Այնպես է ստացվել, որ հիմա թրենդային տեսանյութերի մեծ մասը մի քանի վայրկյանանոց «շորթեր» են, և եթե Յութուբում նայեք այլ երկրների թրենդային տեսանյութերի ցանկը, կտեսնեք շորթերի այդ անվերջանալի շարքը, որոնց մեջ մերթընդմերթ հայտնվում են մի քանի րոպեանոց տեսանյութեր։ Ստացվում է, որ ընդհանուր ցուցակի մոտ 80 տոկոսը մի քանի վայրկյանանոց շորթեր են և ընդամենը 20 տոկոսն է պարունակում իրական տեղեկատվություն, թե ինչ են դիտում մարդիկ շորթերի անվերջանալի թերթումից բացի։
Մեր թիմը որոշեց այդ խնդիրը նույնպես լուծել, և չներառել շորթերը ընդհանուր վիճակագրության մեջ: Սակայն շորթերը ընդհանրապես բացառելու փոխարեն որոշեցինք դրանք հավաքել առանձին բաժնում։ Եթե սեղմեք «Ցուցադրել Շորթերը» կոճակին գլխավոր էջում, կտեսնեք դրանց ցանկը։

Ինչո՞ւ է հիթ-շքերթը բաղկացած այսպիսի տեսանյութերից

Շատ հնարավոր է, որ ձեզանից ոմանք չեն հավանի այն բովանդակությունը, որ ցուցադրված է ԱրմԹրենդս հարթակում։ Ուզում ենք հիշեցնել, որ ցուցադրված տեսանյութերը ոչ թե մեզանից ինչ-որ մեկի նախասիրությունն են, այլ ներկայացնում են այն ամենը, ինչ, ըստ Յութուբի, նախընտրում են հայ օգտատերերը։ Եկեք դիտենք լավ բովանդակություն, և այստեղ կհայտնվեն լավ բովանդակությամբ տեսանյութեր 😊, իսկ ԱրմԹրենդս հարթակի համալրվող արխիվը կօգնի հետևել ժամանակի ընթացքում հայ օգտատերերի նախասիրությունների փոփոխությանը 😀:


Դե ինչ, բարի գալուստ մեր հարթակ։
Ցանկացած հարցով և առաջարկությամբ կարող եք գրել մեր էլ․ փոստին ArmTrends.com@gmail.com, ուրախ կլինենք ցանկացած տիպի հետադարձ կապի համար։